Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ–ն հավանություն է տվել առաջին պատվաստանյութին կապիկի ծաղիկ հիվանդության դեմ։ Դանիական դեղագործական Bavarian Nordic ընկերության մշակած MVA-BN պատվաստանյութը սեպտեմբերի 13–ին նախաորակավորում է անցել ԱՀԿ–ում և արդեն հավանություն է ստացել Եվրոպայում և ԱՄՆ–ում մեծահասակների շրջանում օգտագործման համար։
ԱՀԿ հավանությունը թույլ կտա հասանելի դարձնել պատվաստանյութը միլիոնավոր մարդկանց համար, հատկապես Աֆրիկայում, որտեղ վարակվել է արդեն մոտ 20,000 մարդ, հայտնում է ՄԱԿ–ի պաշտոնական կայքը։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ պատվաստանյութի նախաորակավորումը կարևոր քայլ է վիրուսի դեմ պայքարում։
«Այժմ անհրաժեշտ է շտապ ընդլայնել գնումների, նվիրատվությունների և ներդրումների ծավալները՝ արդարացի հասանելիություն ապահովելու համար պատվաստանյութին այն տարածքներում, որտեղ դրա կարիքն առավել անհրաժեշտ է»,–ասել է նա։
Մեծահասակներին MVA-BN պատվաստանյութի երկու դեղաչափի ներարկումը 4 շաբաթ ընդմիջումով 82 տոկոսանոց արդյունավետություն է տալիս։ Եթե պատվաստանյութի քանակը սակավ է, ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս 1 դեղաչափ օգտագործել՝ այդ դեպքում արդյունավետությունը կկազմի 76 տոկոս։
Նորածինների, կրտսեր տարիքի երեխաների, հղի կանանց և թույլ իմունիտետով մարդկանց համար պատվաստանյութը ենթակա է կիրառման այն դեպքերում, երբ պատվաստման առավելությունները գերազանցում են ռիսկերը։
Հիվանդության ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։