ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։
Նշվում է նաև, որ Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնագիրը։
«Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են ԱՄՆ-ի և Հայաստանի ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և ներդրումների, կրթության ոլորտներում։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակական ջանքերին՝ աջակցելու բարգավաճ, ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանին, ինչը շահավետ է ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ավելի լայն Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկից։