16 սեպտեմբերի 2024 - 12:07 AMT
Բաղդասարյան․ Վարչապետի մասնակցությունը Մայր տաճարի վերաբացմանը և մյուռոնօրհնեքին քննարկվում է

Մայր Աթոռից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են ներկա գտնվելու մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաբացման արարողություններին։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ` երկրի ղեկավարի մասնակցության հարցն այժմ քննարկման փուլում է:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են Մայր տաճարի վերաօծման ու մյուռոնօրհնության արարողություններին, սակայն ինքն այդ օրերին լինելու է Կանադայում։ Ալեն Սիմոնյանը նաև հավելել էր՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։

Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, իսկ Մայր Տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին: