20 սեպտեմբերի 2024 - 10:58 AMT
Փաշինյանը Ռոթին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, սահմանազատման հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ հանդիպմանը հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, երկու երկրի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ:

Միխայել Ռոթը շեշտել է Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ ակտիվ և սերտ համագործակցության փաստը՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը ծավալվում է նաև միջազգային հարթակներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային, միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։