ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:
Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը:
Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով:
Նախարար Միրզոյանը նշել է. «Մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, և մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։