Մեկ տարում Ռուսաստանից ավելի քան 2 մլն միգրանտ է հեռացել։ Այդ են վկայում պաշտոնական գերատեսչությունների տվյալները։
Ըստ ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության, 2024 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանում գրանցվել է 6․2 մլն օտարերկրյա քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 8․5 մլն մարդ։
Հուլիսին «Ռոսստատը» հայտնել էր, որ միգրանտների ներհոսքը ՌԴ նվազագույնն է եղել վերջին 10 տարվա կտրվածքով։ 2023–ին ՌԴ է ժամանել 560,000 մարդ, ինչը 23 տոկոսով պակաս է նախորդ տարվանից, երբ այդ ցուցանիշը 730,000 էր, գրում է Deutsche Welle-ն։
Ռուսաստանի տարածքում աշխատում են հիմնականում ԱՊՀ երկրների քաղաքացիները։
Մարտին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ իշխանությունները խստացնում են ներգաղթի քաղաքականությունը։ Հունիսին Պետդուման օրինագիծ ընդունեց, որով ՌԴ–ում գտնվող միգրանտների ռեեստր կստեղծվի։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2025–ի փետրվարին։
ՌԴ ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտարարել է, որ, ընդգրկվելով այդ ցուցակներում, օտարերկրյա քաղաքացիները չեն կարողանա վարել տրանսպորտային միջոցներ, օգտվել բանկային ծառայություններից, սեփականություն գրանցել, ամսունսություններ գրանցել և լուծարել, երեխաներին ձևակերպել մանկապարտեզներում կամ դպրոցներում։
Հայաստանն այն երկրների թվում է, որտեղից շատ ապօրինի միգրանտներ կան Ռուսաստանում։
Ընթերցեք նաև․ ՌԴ-ում ապօրինի միգրանտները չեն կարողանա մեքենա վարել, օգտվել բանկերից, երեխաներին դպրոցում գրանցել