15 մայիսի 2009 - 23:09 AMT
Հայաստանի նախագահը մասնակցել է շինարարական բիտումի գործարանի բացմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը:
Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո ներկաները շրջայց են կատարել գործարանում: Այս ձեռնարկությանը բնորոշ է փորձարկման համակարգի բարձրակարգ մեքենայացումը: Այստեղ գործում է ժամանակակից գործարանային լաբորատորիան եւ ղեկավարող համակարգը, որի վրա հունվար ամսին կատարվել է հումքի առաջին փորձարկումը արտադրանքի (բիտումի) ստացմամբ:

Բացի այդ գործարանում տեղադրվել են մաքրման սարքավորումներ, իսկ արտանետումների կրճատման համար գործարանի մերձակայքում տեղադրվել է բիտումի արտազատումների ավտոմատ կոնդեսացման համակարգ: