Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր գումարման մեջլիսի առաջին նիստում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, անսպասելի է անվանել ՀՀ «ոչ ադեկվատ» քայլը, որով չհամաձայնեցված հարցերը հանվել են պայմանագրի նախագծից։
Նա նաև ասել է, թե իրականում «Հայաստանը խաղաղություն չի ուզում, այլ ձգձգում է գործընթացը»,–գրում է APA-ն։
Նա նշել է, որ Ադրբեջանն է եղել խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնողը և որ մինչ օրս նախագծի 10 խմբագրության փոխանակում է եղել կողմերի միջև։
«Հայկական կողմից նախագծի վերջին տարբերակին մենք ստիպված եղանք 70 օր սպասել։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել են պայմանագրի տարբերակից։ Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, ճիշտն ասած, անսպասելի էր»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։