15 մայիսի 2009 - 23:31 AMT
ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներն երթի ժամանակ երգում էին Առաջին Հանրապետության երգերը
Երեւանում անցել է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների հանրահավաքը, որտեղ ելույթ է ունեցել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ներկայացվել է նաեւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնագրված ելույթը, որը մարտի 1-ի իրադարձություներից հետո հետախուզման մեջ է: Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարելի է ձախողված համարել: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Թուրքիան սահմանի բացումը կապում է պատմաբանների համատեղ խմբի ստեղծման հետ եւ հասավ իր նպատակին, սակայն արդյունքում հայկական կողմը խաբված եղավ: «Այժմ Թուրքիան պահանջում է Ղարաբաղը եւ կստանա այն: Մայիսի 8-ին Պրահայում Ս.Սարգսյանը ծախեց նաեւ Ղարաբաղի հարցը»,-հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդը:

«Ելքը ստեղծված իրավիճակից Սերժ Սարգսյանի համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա համախմբի ժողովրդին, ազատի քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսի ընդդիմության հետ, թույլ տա անցկացնել ավագանու ազնիվ եւ օրինական ընտրություններ»,-ընդգծել է Լ.Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքից հետո երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյանի փողոցով եւ Հանրապետության հրապարակով ու Հյուսիսային պողոտայով: Երթի ժամանակ մասնակիցները երգում էին Առաջին Հանրապետության երգերը, երբ իշխանությունը դաշնակցական կառավարության ձեռքում էր»: