30 սեպտեմբերի 2024 - 16:51 AMT
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր

Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։

Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։

«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ֆակուլտետը ավանդաբար պրոֆեսիոնալ կադրեր է պատրաստում, որոնցից շատերը տարիներ շարունակ մեծապես նպաստել և նպաստում են պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցների զարգացմանը թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ ֆակուլտետը շարունակում է կրթել և ոգեշնչել նոր սերունդներին նույնպես, և հպարտ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է այս առաքելությանը»,- ասել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը նույնպես ֆակուլտետի շրջանավարտ է:

«Հոբելյանը հիանալի առիթ է արժևորելու ձեռքբերումները և նախանշելու անելիքները: Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը քայլ առ քայլ, վստահորեն առաջ է շարժվում: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր առաքելությանը, և այդ ճանապարհին Ֆակուլտետի համար կարևոր նախաձեռնություններում մեր կողքին են մեր գործընկերները: Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն արդյունավետ և ընդգրկուն համագործակցության հարուստ փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Ֆակուլտետի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Մենք բարձր ենք գնահատում Բանկի հետ մեր ամուր գործընկերությունը և լիահույս ենք, որ երկկողմ փոխգործակցության նոր նախագծեր ևս կկարողանանք կյանքի կոչել: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Հոկտեմբերի 8-10-ը կայանալիք գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Ազորեի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջադեմ համալսարանների մոտ 40 անվանի գիտնական:

Հոբելյանական միջոցառումների հաջորդ կարևոր իրադարձությունը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստն է, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մոտ 1300 հյուրի մասնակցությամբ։

Բիբլոս Բանկ Արմենիան Ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։