1 հոկտեմբերի 2024 - 14:09 AMT
Փաշինյան. Թվայնացումը զգալի կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և աշխատանքի իրավունքի իրացումը

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև որպես հրավիրյալ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Նա հավելել է, որ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և աշխատանքի իրավունքի իրացումը։

«Թվայնացման ժամանակակից իրողություններում առաջնահերթ պետք է նշեմ այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է չորս ազատությունների արդյունավետ գործունեությանը, ինչպես նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմիններն ամուր հաստատվել են մեր առօրյա կյանքում, և մենք ապրում ենք մի իրականությունում, որին բնորոշ են տեխնոլոգիական բեկումները։ Սակայն շատ կարևոր է հետ նայել և տալ «թվային փոխակերպում» հասկացության սահմանումը:

Ինձ համար, առաջին հերթին, «թվային փոխակերպում» տերմինը նշանակում է գործառնական գործընթացներում հասնել արդյունավետության և ճկունության՝ անալոգային տվյալներից թվային տվյալներին անցնելու միջոցով:

Ցանկանում եմ շեշտել, որ այս սահմանումը, իհարկե, ենթադրում է նաև կառավարությունների գործունեությունը, սակայն շեշտը պետք է դրվի ամբողջ հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է բխի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետությունից, ոչ թե հակառակը»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին։

«Այս համատեքստում կընդգծեմ ոչ միայն առանձին խնդիրների թվայնացման անհրաժեշտությունը, այլ նաև այնպիսի ծառայությունների ստեղծման, որոնք կբավարարեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական կարիքները և կապահովեն արագ արձագանքում նրանց կյանքի կարևոր իրադարձություններին:

Այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական և մատչելի տվյալներ՝ պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար: Սա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Այս համակարգը հիմնված է պետական կառույցների և, ամենակարևորը, քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև վստահության վրա:

«Տվյալների վստահելի պահպանումը թույլ է տալիս տարբեր պետական գերատեսչություններին ապավինել միմյանց տեղեկատվությանը՝ առանց դրանցով փոխանակվելու կամ դրանք կրկնօրինակելու անհրաժեշտության: Սա թույլ կտա փոխարինել փաստաթղթերի փոխանակումը և ապահովել կարևոր իրավական տվյալների հասանելիություն՝ միաժամանակ պահպանելով տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման անվտանգության և ազգային կանոնակարգերը: Տվյալները կպահվեն ազգային հատվածներում և հասանելի կլինեն միայն միջսահմանային ձևաչափով՝ հարցման առկայության դեպքում:

Բիզնեսի համար այս գործընթացը կարող է բարելավել անդրսահմանային առևտրի և անուղղակի հարկերի վճարման եղանակը: Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ մի պետության տարածքից մեկնելու պահից ապրանքների խմբաքանակի տեղաշարժի վերաբերյալ թվային տվյալների ամբողջությունը հասանելի և հետագծելի է դառնում մեկ այլ պետության լիազորված մարմինների համար 24/7 ռեժիմով, նույնիսկ մինչև դրա նշանակման վայր հասնելը»,–ասել է վարչապետը։

Նա նշել է, որ այս նորամուծությունների իրականացումը զգալի ջանքեր կպահանջի։