1 հոկտեմբերի 2024 - 17:37 AMT
ՀՀ–ն առաջին անգամ մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ Հայաստանն առաջին անգամ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։

Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։