Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։
«Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», - ասել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը, հայտնում է «Ազատությանը»
Հոկտեմբերի 8–ին ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։
«Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»,-ասել են Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելությունից։
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարով է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնել է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։