16 մայիսի 2009 - 18:21 AMT
Հովիկ Աբրահամյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկել են «Արեւելյան գործընկերության» հեռանկարները
Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը,Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լյուցենբերգերը, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեն: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի գործընթացի, մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքների եւ տարածաշրջանի նկատամամբ ԵՄ աճող հետաքրքրության վերաբերյալ` հույս հայտնելով, որ երկրների նախագահների հանդիպմանը կհաջորդի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Այս համատեքստում եւս մեկ անգամ շեշտվեց, որ Հայաստանը եվրաինտեգրումը հռչակել է որպես քաղաքական առաջնահերթություն: Տարածաշրջանի կայունության, խաղաղության, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը խթանելու առումով ` պարոն Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական երկկողմ շփումների, փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը կարեւորեց ապրիլին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայատան խորհրդարանական համագործակցության հանձնանժողովի նիստը, գոհունակություն հայտնելով արդյունքների վերաբերյալ:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ` ընդգծելով, որ հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու ուժի չկիրառումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. ԱԺ նախագահը կարեւորեց հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը երկրում` համոզմունք հայտնելով, որ առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ առաջընթացը նկատելի կլինի: Պետեր Սեմնեբին նույնպես կարեւորեց Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության մեկնարկը եւ հռչակագրի ստորագրումը, որը կարեւոր հիմք կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր գնահատեց պարոն Աբրահամյանի առաջարկը` խթանել տարածաշրջանային միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկկողմ շփումները, ինչը , նրա համոզմամբ, մեծապես կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Երեւանի ավագանու ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: