10 հոկտեմբերի 2024 - 11:57 AMT
ՀՀ-ն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը ստանձնել է Հայաստանը` ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի է ունեցել Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities՝ MNRA) 23–րդ տարեկան համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ արհեստական բանականության կիրառումը, տեսալսողական հարթակների կարգավորման սկզբունքները, ռադիոյի ներկան ու ապագան, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը միավորում է անկախ կարգավորող մարմինների` 24 երկրից։ Այն համագործակցության ցանց է՝ բաց քննարկումների, տեսալսողական բովանդակության կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար:

Այս տարի Երևանում MNRA-ի համաժողովին մասնակցել են կարգավորող մարմինների ներկայացուցիչներ 18 երկրից։ Նրանք ծանոթացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային հարթակների կառավարման սկզբունքների նոր ուղեցույցի հետ, քննարկել են արհեստական բանականության հնարավորությունները կարգավորողների աշխատանքներում, ռադիոյի անխուսափելիորեն թվայնացվող ճանապարհը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսքի ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ծրագրերի մասնագետ Միկել Ագիռե Իդիակեսն անցկացրել է աշխատարան՝ ուղեցույցի սկզբունքների տեղայնացման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարիներ առաջ ինտերնետը թվում էր դեմոկրատացման գործիք, հետո այն վերածվեց տոքսիկ միջավայրի, իսկ հիմա ավելի շուտ դիտարկվում է որպես զենք։ Եվ այդ պատճառով խարխլվում է ազատ արտահայտման հիմնարար սկզբունքը։

Iberoamerica աուդիովիզուալ կարգավորողների պլատֆորմի (PRAI) գործադիր քարտուղար Մոնիկա Դյուրան Ռուիսը ներկայացրել է տարվա ընթացքում կատարած իրենց հետազոտությունները՝ գենդերային հարցերը մեդիայում և մեդիագրագիտության տարածման պահանջը։ Նրա կարծիքով՝ տեսալսողական դաշտի կարգավորումների ընդլայնումը լուծում չէ, եթե չի ուղեկցվում մեդիագրագիտության մակարդակի աճով։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նորընտիր նախագահ դառնալով՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ակնկալում է արդյունավետ համագործակցություն տարբեր ձևաչափերով։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին դիմակայելու համատեղ ծրագրերի վրա։ Երևանում նաև տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնախագահող երկրի ընտրությունը։ Փոխնախագահող է դարձել Կոսովոյի Անկախ մեդիայի հանձնաժողովը։