11 հոկտեմբերի 2024 - 17:09 AMT
Բաքուն զանգվածաբար քանդում է Ստեփանակերտի բնակելի տները՝ ոտնահարելով արցախցիների սեփականության իրավունքը

Ադրբեջանի վարչակազմը սկսել է զանգվածաբար քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի տները։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում հողին են հավասարվել Թումանյան փողոցի երկայնքով գտնվող մայրաքաղաքի պատմական թաղամասերը՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։

Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հրապարակային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքն, ապահովելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Ըստ Շահվերդյանի՝ ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը և սկսել պետք է հոկտեմբերի 11–ի ակցիաներից։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։