12 հոկտեմբերի 2024 - 12:04 AMT
Միրզոյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրին առնչվող վերջին զարգացումները

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա խորացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։