Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա 2 պետությունների միջև գործընթաց:
Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ՝ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է, գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ: Եթե վաղը որոշումը կայացվի, վաղը կբացվեն սահմանները: Կա ծրագիր, բոլորը խոսում են հաղորդակցության ուղիների բացման մասին, Թուրքիան է խոսում միջին միջանցքի մասին: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Որովհետև կան տարբեր աշխարհաքաղաքական հարցեր»,- ասել է Ռուբինյանը:
Նա նաև նշել է, որ հարաբերությունների նորմալացումն ու հաշտեցումը տարբեր բաներ են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձեավորելու ժամանակն է։
«Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել ե անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ես դա հասկանում է»,–ասել է նա։