Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ մասին հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Պետրակովը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից։
Հայաստանի ընտրանին 0։2 հաշվով զիջել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին սեփական դաշտում։ Մակեդոնիայի հետ խաղից առաջ Պետրակովն ասել էր, որ թիմը պատրաստ է ռևանշի։
Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը մարզիչը կապել է վարպետության պակասի հետ:
«Մեզ չբավարարեց այն, որ վարպետության պակաս կար: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել ֆուտբոլիստներին խաղի համար: Հայ ֆուտբոլիստներն աճ են գրանցել: Հիմա առավել ագրեսիվ են գործում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց ներուժով գործեցին»,–ասել է Պետրակովը, հայտնում է Արմենպրեսը։
Սկոպյեում թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով կրկին հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։