Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան Ստամբուլում ընթացող «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Irna գործակալությունը։
Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
ՄԻրզոյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև հանդիպման այլ մասնակիցների հետ։
Ավելի վաղ Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ավարտին մասնակից երկրները համատեղ հայտարարություն են ընդունելու։
Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»: