18 հոկտեմբերի 2024 - 17:49 AMT
Միրզոյանն ու Ֆիդանը կարևորել են ՀՀ– Թուրքիա կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։