21 հոկտեմբերի 2024 - 12:43 AMT
Փոխվարչապետ․ Բաքվի հետ սահմանագծման կանոնակարգը միակողմ չի կարող հաստատվել՝ պրոցեսը կընդհատվի

Փոխվարչապետ Մհեր ԳրիգորյաննԱԺ-ում, ներկայացնելով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում սահմանային հարցերը կարգավորելու համար։

Անդրադառնալով մտահգություններին՝ նա ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգի միակողմանի հաստատում չի կարող լինել. պրոցեսը կընդհատվի, հայտնում է «Փաստինֆոն»։

Փոխվարչապետի խոսքով՝ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից այն չվավերացնելը բացատրություն չի ունենա։

«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ մենք, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումերի փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»,- նշել է նա։

Գրիգորյանն ասել է, որ չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Ըստ նրա՝ եթե նման ցանկություն լիներ՝ Ադրբեջանն այն ուղղակի չէր ստորագրի։

ՀՀ փոխվարչապետն ասել է, թե Հայաստանն իր առջև սահման գծելու խնդիր չի դրել, խնդիր է դրված վերականգնելու սահմանը։

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։