21 հոկտեմբերի 2024 - 15:11 AMT
Ալիևը Բայդենի օգնականի հետ հանդիպմանը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԱՄՆ նախագահի օգնական և Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ հանդիպմանը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից։

Քարփենթերը Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ վերջինս նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը փոխզիջումներ է պահանջում 2 կողմից և որ ԱՄՆ–ն որոշ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Նա հորդորել է ավարտել համաձայնագրի ստորագրումը մինչև տարեվերջ։

Ալիևն ասել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը «Ադրբեջանի հանդեպ ՀՀ սահմանադրորեն ամրագրված տարածքային նկրտումներն են», գրում է APA-ն։

Նա ասել է նաև, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նա նշել է նաև, թե այն փաստը, որ Հայաստանը 70 օր անց է իր վերջին առաջարկներն ուղարկել պայմանագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում «առաջընթաց գրանցելու Երևանի մտադրությունների մասին»։

Բայդենն իր նամակում նշել է, որ քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է Բաքվում կայանալիք COP29–ին, Ալիևըք եզակի հնարավորություն ունի ցուցադրելու իր հավատարմությունը խաղաղությանը։

«Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի լրամշակումը ստեղծարար մոտեցում և փոզիջումներ է պահանջում 2 կողմից։ Վստահ եմ, որ հետագայում ևս կօգտվեք այս հնարավորությունից։ Ես հորդորում եմ ձեզ ավարտել համաձայնագրի ստորագրումն այս տարի։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այդ հարցում։ Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների՝ դեպի խաղաղություն ուղի հարթելու համար։ Իմ հատուկ օգնականը կիրազեկի ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, և տեղեկանալ ձեր դիրքորոշման մասին ՀՀ հետ բանակցությունների հարցում»,-ասվում է Բայդենի նամակում։