Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն մտահոգություններին, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել կանոնակարգը վավերացնելուց, հայտարարել է, որ եթե Բաքուն չվավերացնի ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, այն ուժի մեջ չի մտնելու։
Ռուբինյանն անդրադարձել է նաև ընդդիմադիրների այն կարծիքներին, թե կանոնակարգը դավաճանական և կոլաբորացիոնիստական փաստաթուղթ է, ինչպես նաև այն մտահոգությանը, թե Ադրբեջանը կարող է, ի վերջո, վավերացնել կանոնակարգը, բայց վերապահումներով, հայտնում է Արմենպրեսը։
«Հարցնում եք՝ բա որ Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Թող չվավերացնի, ուժի մեջ չի մտնի սա։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե մենք հիմա վավերացնենք, և պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում, այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած։ Հաջորդը՝ եթե դուք պնդում ենք, որ կանոնակարգը դավաճանական է, կոլաբորացիոնիստական է, վտանգավոր է, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չի վավերացնում ձեր տրամաբանության շրջանակներում։
Հարցնում եք՝ բա որ վերապահումներով վավերացնի Ադրբեջանը։ Վերապահումներով վավերացնում են միջազգային կոնվենցիաները․ երբ 100 երկիր ստորագրում է և վավերացնում է, ինչ-որ երկիր մի մասով վերապահում է անում և ասում, որ սա չի գործելու։ Երկկողմ համաձայնության մեջ վերապահումը ո՞րն է։ Դա տրամաբանական չէ»,-շեշտել է Ռուբինյանը։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը: Հարցն այժմ քննարկվում է ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը։