ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Նշվում է, որ հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական հարցուպատասխանը:
Վարչապետի՝ Կազան ուղևորվելու մասին, ըստ Բաղդասարյանի, կտրվի առանձին հաղորդագրություն։
ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը մեկնարկում է Կազանում հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:
Ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: