Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Կողմ է քվեարկել 67 պատգամավոր։
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի քննարկմանը։ Նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու նաև քվեարկությանը։
Ավելի վաղ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։
Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։