23 հոկտեմբերի 2024 - 15:04 AMT
ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Բաքվի հետ գազային պայմանագիրն ու բոյկոտել COP29-ը

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։ Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։

Եվրախորհրդարանականներն ամոթալի են համարել COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը և ընդգծել՝ բնապահպանական խնդիրների պաշտպանությունը չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։ Պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր, հայտնում է Արմենպրեսը։

Պատգամավորները դատապարտել են նաև ադրբեջանական ռեժիմի կողմից ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները՝ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում քննարկումը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Նիկոլա Շմիթի ելույթով։ Հանձնակատարի խոսքով՝մի քանի շաբաթից տեղի ունենալիք COP29 համաժողովն Ադրբեջանի իշխանությունների համար լավ հնարավորություն է ցույց տալու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին։

«COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական շանս կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը խաղաղությանը»,-ասել է հանձնակատարը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրությունների առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղ գործընթացի առնչությամբ։Շմիթի խոսքով՝ ԵՄ-ն պետք է բաց պահի իր հաղորդակցության ուղիները և օգտագործի դրանք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։

ԵԺԿ խմբակցության անունից ելույթ ունեցող եվրախորհրդարանական Ֆրանսուա Գզավիյե Բելյամին իր ելույթում նշել է, որ բոլոր այն ադրբեջանցիների կողքին են, որոնք բռնաճշնումների են ենթարկվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

«Պարոն Ալիև, եթե այդքան հավատում եք Ձեր սեփական ուժերին, ինչո՞ւ եք փորձում լռեցնել Ձեզ մարտահրավեր նետող ձայները: Եթե այդքան հավատում եք Ձեր լեգիտիմությանը, ինչո՞ւ եք բռնություն գործադրում»,-նշել է Բելյամին՝ շեշտելով, որ ժամանակն է, որ Եվրոպան վերջապես դուրս գա իր անգիտակից վիճակից։

Քննարկման ավարտին հանձնակատար Շմիթն իր եզրափակիչ խոսքում վերհաստատել է՝ մարդու իրավունքների հարցն Ադրբեջանում շարունակում է կենսական նշանակություն ունենալ։ Հանձնակատարը նշել է, որ պետք է շարունակել մտահոգությունների մասին բարձրաձայնել, դիմել Ադրբեջանին՝ հեշտացնելու միջազգային մուտքը ԼՂ, թույլ տալ տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգ իրականացնել և հատկապես թույլ տալ, որ ԼՂ հայությունը վերադառնա անվտանգ պայմաններում։ Նիկոլա Շմիթը շեշտել է՝ COP29-ը չի կարող և չպետք է խանգարի մտահոգությունների մասին բարձրաձայնելուն և դատապարտող խոսքերին։