23 հոկտեմբերի 2024 - 17:38 AMT
Ստեփանակերտում հայ կին է մահացել

44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Ստեփանակերտում հայ կին է մահացել՝ 1954 թվականի ծնված Վերա Վաղարշակի Աղասյանը։

70–ամյա կինը մահացել է հոկտեմբերի 20–ի առավոտյան, իր տանը, գրում է APA-ն։

Որպես մահվան պատճառ սրտային սուր անբավարարությունն է նշվում։ Ասվում է, թե մինչ այդ Աղասյանին «զննել են Ադրբեջանի առողջապահության նախարարության մասնագետները, նրան անհրաժեշտ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել»։

Աղասյանը, հավանաբար, հայաթափուmից հետո քաղաքում մնացած մի քանի հայերից մեկն էր։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։