24 հոկտեմբերի 2024 - 10:19 AMT
Թրամփ․ Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա բռնի տեղահանվեց Արցախից

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մյուս թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա բռնի տեղահանվեց Արցախից։ Նա այդ մասին գրառում է կատարել Truth սոցիալական ցանցում։

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեց և բռնի տեղահանվեց Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի ԱՄՆ նախագահը: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումները, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։