24 հոկտեմբերի 2024 - 11:30 AMT
Միրզոյան․ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է իր մանդատը երկարաձգելու հարցը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 23–ին ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերժողական հայտարարություններին, ասել է, որ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է իր մանդատը երկարաձգելու հարցը։

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն իր մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։

«Որքանով տեղեկացված եմ՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է այդ մանդատի երկարաձգման հարցը: Մեր տեսանկյունը սա է՝ քանի դեռ մենք Ադրբեջանի հետ չունենք վավերացված համաձայնագիր, քանի դեռ չունենք առաջ գնացող, ավարտվող սահմանազատման գործընթաց, խաղաղություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի գործողությունների մասով և ունենք չեզոք երրորդ կողմի օբյեկտիվ գնահատականների կարիք, սահմանի երկայնքով մշտադիտարկման ակնկալիք »,-ասել է Միրզոյանը։

Ալիևը և Ադրբեջանի մյուս պաշտոնյաները մշտապես դժգոհություն են հայտնում ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությունից, հայտարարում, որ Բաքուն չէր տվել իր համաձայնությունը տեղակայման համար և որ եվրոպացի դիտորդներն իբր լրտեսում են Ադրբեջանին։