ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 24–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորության մասին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։
«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը՝ փոխկապակցվածության ամրապնդմամբ, որն օգուտ կտա ամբողջ տարածաշրջանին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկվել է նաև իրավիճակը Գազայում և Լիբանանում։
Բլինքենը ցավակցություն է հայտնել Ֆիդանին հոկտեմբերի 23–ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։