25 հոկտեմբերի 2024 - 12:44 AMT
Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև շփում են ունեցել Կազանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին հայտնել է բելառուսական «Pul 1» տելեգրամյան ալիքը։

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Լուսանկար է հրապարակվել։

Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Նա հավելել էր, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնյա Բելառուս չի այցելի:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Փաշինյանի ու Լուկաշենկոյի զրույցին, ասել է, որ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինչպես գիտեք, ԲՐԻԿՍ-ի միջոցառմանը ներկա էր նաև Բելառուսի նախագահը։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունից հետո ոչինչ չի փոխվել (պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ պետական ոչ մի պաշտոնյաչպետք է այցելի Բելառուս,-խմբ.)։ Մենք չգիտենք` երեկ ինչի մասին են խոսել, հետևաբար չգիտենք` ինչպես մեկնաբանել, բայց Բելառուսի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Բելառուսի նախագահն ուղղակի նույն տանիքի տակ էր, որտեղ այդ միջոցառումն էր տեղի ունենում»,-ասել է Հովհաննիսյանը։

Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։