25 հոկտեմբերի 2024 - 17:08 AMT
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի

ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել։

Որոշման համաձայն՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվում։

Որոշմամբ հաստատվում է նաև աշխատանքային խմբի անհատական կազմը։ Աշխատանքային խմբի համակարգողն է Մհեր Գրիգորյանը։

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։