28 հոկտեմբերի 2024 - 14:32 AMT
Նախարար․ Պետպարտքը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 53․5 %-ի

ՀՀ պետական պարտքը կաճի՝ հասնելով 5 տրիլիոն 914 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 53.5 տոկոսի: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Կանխատեսում ենք, որ 2024 թվականի վերջին կունենանք ՀՆԱ-ի 50 տոկոսին մոտ պետական պարտք։ Եվ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53․5 տոկոսի՝ 5 տրիլիոն 037 մլրդ-ից կաճի մինչեւ 5 տրիլիոն 914 մլրդ դրամ։ Դա պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որն ունենալու ենք 2025 թվականին»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Վահե Հովհաննիսյանն ասել է, որ պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11․2 տոկոսից կավելանան մինչև 11․3 տոկոս։ Սա պայմանավորված է պարտքի նոմինալ արժեքի բարձրացմամբ։ Պլանավորվում է, որ միջին կշռված տոկոսադրույքը 7․6 տոկոսից կիջնի 7․5 տոկոսի։

«Մենք արդեն տեսնում ենք պետական գանձապետական տոմսերի միջին տոկոսադրույքի նվազում, որը 2023 թվականի 10․7 տոկոսից 2025 թվականին կիջնի մինչև 10․4 տոկոս։ Եվ արտաքին վարկերը կլինեն 5 տոկոս, թեև ակնկալվում է, որ տոկոսադրույքների վերջին նվազեցումից հետո հնարավոր են նաև ճշգրտումներ դեպի մվազում»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիներին լողացող տոկոսադրույքով ավելի մեծ քանակությամբ վարկեր են ներգրավել։

«Երբ տոկոսներն իջնեն, մենք լողացող տոկոսադրույքով վարկերը կֆիքսենք»–նշել է նա։