Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբերի 28–ի երեկոյան հանրահավաք են անցկացրել Ռուսթավելիի պողոտայում, որին մասնակցել և իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ևս մեկ անգամ ասել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու, գրում է Aliq.ge-ն։
«Կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասնենք Եվրոպայի դռան առաջ, որը մեր իրական երազանքն է։ Մենք այլընտրանք չունենք»,–ասել է նա։
Ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ներկայացրել է ընդդիմության պահանջները։
«Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլև ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը»,–ասել է նա։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ կոչ է արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրաատլանտյան ուղի։
«Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության քաղաքականությունը չփոխվի»,–ասել է նա։
Միլլերը հավելել է, որ Վրաստանի կառավարությունը կարող է հաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական եվրաատլանտյան ուղուն՝ հարգելով օրենքի գերակայությունը, վերացնելով ընտրական օրենսգրքում առկա թերությունները, չեղարկելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով կատարելու համար ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ և կյանքի չկոչված բարեփոխումները։
Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ էր արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։