Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում, անդրադառնալով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած Տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների ընդունելությանը, ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Մենք մոտիկից հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին այս ուղղությամբ: Մեր ցանկությունն է ստանալ ուրախալի և բարի լուրեր հնարավորինս շուտ՝ առանց հնարավորություն տալու գործընթացը խափանել փորձող ուժերին»,-ասել է նա:
Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի մասին՝ նա հայտարարել է, որ դրանից հետո Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն է ստեղծվել, գրում է Ermenihaber-ը։
Այս համատեքստում Էրդողանը մեղադրել է Հայաստանին իբր նախկինում ադրբեջանական հողերի «օկուպացման» մեջ, միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղության հաստատմանը՝ «ադրբեջանցի եղբյարների հետ համակարգմամբ»:
«Նկատում ենք, որ հարթակը, որը «տարածաշրջանին տեր կանգնելու» (regional ownership) մեր ըմբռնման ամենահստակ օրինակներից է, բավարարում է կարևոր մի կարիք: Առաջիկա ժամանակահատվածում մենք ցանկանում ենք այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածքի վերածել»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։