ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ հոկտեմբերի 29–ին նախարարական կոմիտեում պետք է քննարկվի կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգի նախագիծը, որը բյուջետային իմաստով արդեն պլանավորված է։
Նա նշել է, որ արդեն կնքված հուշագրեր ունեն Netflix-ի հետ, Հայաստանում մի քանի սերիալներ կնկարահանեն, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, նախագիծը հնարավորություն է տալու, որպեսզի համատեղ կինոարտադրության այն նախագծերը, որոնք Հայաստանում կինոինդուստրիայի զարգացման կարևոր խթան կարող են լինել, ունենան մինչև 40 տոկոսի ներդրումների վերադարձ, հիմնականում իրացված հարկերի վերադարձի տեսքով։
«Դա մի կողմից թույլ կտա նրանց կինոարտադրության ծավալները մեծացնել, մյուս կողմից էլ մեր երկրում կթանի ներդրումային միջավայրը։ Կինոինդուստրիան արագ զարգացող ճյուղ է։ Մենք արդեն կնքված հուշագրեր ունենք Netflix-ի հետ, այստեղ մի քանի սերիալներ կնկարեն։ Տարբեր նախագծեր կան, որոնք մասնակի վերադարձի նախագծի կիրառման պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- ասել է Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին նկարահանումները նախատեսվում է սկսել արդեն 2024-ի սկզբին։ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել էր նկարահանվելիք ֆիլմերի և սերիալների անվանումները ՝ «Underdog», «Dead by Dawn», «Collapse»։