Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Մինչ այս կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 4 գագաթնաժողով, որոնց շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի շրջանակներում, երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։
2023–ի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այս տարի էլ Լոնդոնում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը չկայացավ։