ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ «կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով»։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը և սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը, հայտնում է Արմենպրեսը։
«Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»,–հավելել է նա։
Նա մանրամասնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաև հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:
«Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն: Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց», - ասել է Պիկատը։
Նա հավելել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախուստի դիմել և հաստատվել Հայաստանում, նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառույցի աջակցությունն ու օգնությունը և համոզվելու, որ նրանց կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանականական առումներով։
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական այն մշակութային ժառանգությունը, որը դարեր ի վեր գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնել է, որ «բ»կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ«/բ»։
«Կցանկանայի նաև նշել, որ այժմ 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Այնպես որ, դա նաև անդամ երկրների և կոմիտեի որոշումն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպե՞ս կարող է ներգրավվել և աջակցել երկրներին», - եզրափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։