ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ–ների ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված այն կեղծ պնդումներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին է տեղակայում է Ադրբեջանի սահմանին»։
Նա այդ պնդումները «լրտեսական ֆենթեզի» է որակել։
«Լրտեսական ֆենթեզիի ժանրից, որը որպես բոնուս թիրախավորում է հոկտեմբերի 29–ի իմ այցը Ներքին Հանդ (Հայաստան) Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ»,- ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 8–ին ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն ավելի վաղ ասել էր, թե ԵՄ առաքելության տեղակայումը «ՀՀ տարածքում` պայմանական սահմանին սրում է իրավիճակը»։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։