31 հոկտեմբերի 2024 - 11:45 AMT
Avions Legendaires. ՀՀ–ն բանակցում է Հնդկաստանի հետ 8-12 կործանիչ գնելու շուրջ

Avions Legendaires պարբերականը գրել է, որ 2024–ի հոկտեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հնդկական արտադրության ՍՈւ-30MKI Flanker-H կործանիչների, ինչպես նաև հատուկ սպառազինությունների խմբաքանակ գնելու նպատակով բանակցություններ է սկսել հնդկական HAL ավիաարտադրող ընկերության հետ։

Նշվում է, որ Հայաստանը բանակցում է HAL-ի հետ 8-12 կործանիչի մատակարարման շուրջ։

«Փաստացի, Hindustan Aircraft Limited–ը կստանձնի 8 նոր ինքնաթիռի արտադրությունը, այն պայմանով, որ «Սուխոյը» կհատուցի կանխավճարն ու կարդիականացնի առկա 4 ՍՈւ-30СМ–ները՝ հասցնելով դրանք ՍՈւ-30МКИ ստանդարտին»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, միաժամանակ Հայաստանը մտադիր է չեղարկել արդեն 5 տարի ձգձգվող 8 լրացուցիչ ՍՈւ-30СМ Flanker-C-ի պատվերը, գրում է «Առավոտը»։

«Սա առաջին պայմանագիրն է լինելու, երբ Հնդկաստանը կարտահանի իր սեփական արտադրության ՍՈւ-30МКИ կործանիչները։ Հայաստանի կործանիչների նավատորմը բաղկացած է 4 ՍՈւ-30СМ Flanker-C-ներից, որոնք ստացվել են 2019–ի գարնանը և 15 ավելի հին ՍՈւ-25К-ներից։ Սակայն կործանիչները ստանալուց մի քանի շաբաթ անց Հայաստանը որոշել է ևս 8 ՍՈւ-30СМ պատվիրել։ Թեև դրանց համար պայմանագրի գումարի մինչև 70%-ով կանխավճար է փոխանցվել, դեռևս ոչ մի ինքնաթիռ չի մատակարարվել: Պատճառը պարզ է՝ «Սուխոյը» դրանցից ոչ մեկը չի արտադրել, և մինչ օրս ՍՈւ-30-ները արտադրվել են միայն Ռուսաստանի կարիքների համար»,–ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ The Times of India պարբերականը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և ՀՀ–ն հնդկական զենքի հիմնական գնորդներն են դարձել։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։