31 հոկտեմբերի 2024 - 11:47 AMT
Միրզոյան․ Բաքվի հետ բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում 2025–ի բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է։

Նա զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման, հայտնում է «Ազատությունը»։

Արտգործնախարարը, սակայն, չի ասել, թե որոնք են այդ կետերը:

Նա նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության ու կայունության ապահովումն է, թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկվում է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղաության պայմանագրի շուրջ բանակցություններին, ասել էր, որ Երևանը տեսնում է հնարավորություն՝ համաձայնեցնելու խաղաղության բանակցություններում չհամաձայնեցված կետերը։