1 նոյեմբերի 2024 - 10:47 AMT
Պետդեպ․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման «կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը»։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։

«ԱՄՆ–ն բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը, որը վկայում է այն մասին, որ կայուն երկխոսության արդյունքում առաջընթացը հնարավոր է։ Մենք սատարում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատմանը տարածաշրջանում»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ ՀՀ նախագահն այն ստորագրել է ԱԺ վավերացումից հետո, իսկ Ադրբեջանում նման ընթացակարգ չի եղել՝ կանոնակարգը միանգամից ստորագրել է այդ երկրի նախագահը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31–ին ԱԺ–ում ասել է, որ կողմերն առաջիկայում միմյանց պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին: