ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի միջև, որի ընթացքում Թրամփն «իր ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի հարցին և տարածաշրջանում ամբողջական խաղաղության հաստատմանը», հայտնում է Կիլիկոի կաթողիկոսարանը։
Թրամփը նաև խոսել է ԱՄՆ հայերի՝ որպես կազմակերպված, ակտիվ և ուժեղ համայնքի մասին։
Արամ Ա–ն նախ իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Թրամփին՝ օրեր առաջ արցախահայության իրավունքների վերաբերյալ իր հրապարակային հայտարարության համար, և կարևորել է ԱՄՆ միջազգային դերը, հատկապես՝ այս անհանգիստ ժամանակներում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահի թեկնածուին ներկայացրել է իր 2 ակնկալիքները.
ա) Անհրաժեշտ է, որ ԱՄՆ կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը՝ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ միաժամանակ պատասխան պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար։
բ) Անհրաժեշտ է, որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։
Արամ Ա–ն առաջարկել է, որ նշված հարցերի շուրջ խորհրդակցեն Արևելյան և Արևմտյան ազգային առաջնորդարանների, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ Արամ Ա–ի կատարած հովվապետական այցի վերջին օրը, հեռուստատեսությամբ տեղեկանալով, որ նա գտնվում է Դեթրոյտում, Դոնալդ Թրամփի կողմից երկու բարձրաստիճան պատասխանատու հանդիպել է նրան և փոխանցել նախագահի թեկնածուի ողջույններն ու կապ հաստատելու պատրաստակամությունը: