5 նոյեմբերի 2024 - 11:04 AMT
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ՀՀ դեսպանին․ Երևանը պաշտոնական բողոք է ներկայացրել

Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչություններին, գրում է Politico-ն։

Նշվում է, որ Բալայանը ենթարկվել է «բանավոր հարձակման եւ ահաբեկման» Սադիկովի կողմից, որն «ակնհայտ սպառնացել է նրա կյանքին»։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում, որտեղ Թուրքիայի դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել իր երկրի ազգային օրվա կապակցությամբ և որին 2020–ի պատերազմից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանը։

Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է Թուրքիայի մերձավոր դաշնակիցը։

Պարբերականի հետ զրույցում Սադիկովը հայտարարել է,թե նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում» և որ «հայ դիվանագետներն ինչ ուզում են, կարող են ասել»։

Ավելի վաղ Սադիկովն անուղղակիորեն սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ հորդորելով հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից, քանի որ 3000 մետրի վրա ադրբեջանցի դիպուկահարներ կան։ Նրա այդ գրառումը քննադատության էր արժանացել։

Photo. ANP/AFP via Getty Images