6 նոյեմբերի 2024 - 10:54 AMT
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մոխրենես գյուղը՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն

Ադրբեջանի վանդալային գործողություններն Արցախում չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ, Բաքուն թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այդ մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։

«Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ», – ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերն էր ամբողջությամբ ավերվել։

Ադրբեջանը 44 օրյա պատերազմից հետո իր տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում հետևողականորեն ոչնչացնում է ամեն հայկականը՝ հուշարձաններ, գերեզմանոցներ, եկեղեցիներ, վանքեր, քաղաքներ ու գյուղեր։ Այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք ոչնչացնելն ավելի խնդրահարույց է, Բաքում հայտարարում է «աղվանական», կամ ձևախեղում, հանում խաչը, ջնջում հայատառ գրությունները պատերից։ ՅՈւՆԵՍԿՕ–ն, որի մուտքը Արցախ պետք է ապահովվեր պատերազմից հետո, մինչ օրս այցելության թույլտվություն չի ստացել։