12 նոյեմբերի 2024 - 10:30 AMT
Freedom House-ի և 6 կազմակերպության զեկույց․ «Ադրբեջանական ռեժիմն էթնիկ զտման է ենթարկել ԼՂ հայ բնակչությանը»

Freedom House-ն ու 6 կազմակերպություն կոնկրետ օրինակներով ու մանրամասն վերլուծությամբ 100 էջանոց զեկույց են կազմել, որը նոյեմբերի 11–ին ներկայացրել են Երևանում՝ Բաքվում ընթացող COP29-ին զուգահեռ։ Ահաբեկում, մեկուսացում, բռնություն. կարճ այս երեք բառով է բացատրվում՝ ինչու Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան։

Միջազգային փաստահավաք առաքելության մասնակիցներն ընդգծել են՝ ադրբեջանական ռեժիմը էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, իշխանությունները միտումնավոր արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու համար, հայտնում է «Ազատությունը»։

«Սա, ըստ երևույթին, առաջին միջազգային փորձն է՝ կատարելու փաստահավաք աշխատանք, հավաքելու վկայություններ, կատարելու իրավական վերլուծություն ու ցույց տալու այն, ինչ տեղի է ունեցել զոհերի աչքերով: Freedom House-ը, մեր միջազգային ու տեղական գործընկերները փաստագրել են նախորդ չորս տարիների ընթացքում ադրբեջանական պետության կողմից իրականացված, թիրախավորված ու համակարգված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ», - ներկայացրել է Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:

Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչը պատմել է՝ փաստահավաք զեկույցը մեկ տարում է պատրաստվել՝ պատերազմ, բլոկադա, տեղահանություն, հաջորդական ներկայացվել է, թե ինչպես Բաքուն իրականացրեց իր ծրագիրը։

Մասնակիցներից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցի խոսքով՝ տեղահանված արցախցիների հետ 300-ից ավելի մանրակրկիտ հարցազրույցներն ավելի քան բավարար էին ցույց տալու աղետի մասշտաբը։

Զեկույցի համահեղինակ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին Բրյուսլեից ուղիղ կապով միանալով Երևանին հայտնեց, որ հաջորդ քայլը՝ ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել Միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ թերևս սա հենց այն անկախ զեկույցն է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետներն ակնկալում էին ստանալ՝ հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում:

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին փաստահավաք զեկույցն անգլերեն է, թիրախը՝ միջազգային հանրությունը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։