Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP29 համաժողովի բացման ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին:
Նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները, հայտնում է Արմենպրեսը։
«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի արած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա: Զավեշտալի է նաև, որ ռեպրեսիվ և ազատության դեմ հանդես եկող Ադրբեջանի վարչակարգը մարդու իրավունքների վերաբերյալ դասեր է տալիս»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Նախարարն անընդունելի է համարում նաև հանածո վառելիքի տեսակների նկատմամբ Ադրբեջանի աջակցության արտահայտություններն այն դեպքում, երբ ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
Նախարարը հայտարարել է նաև, որ այս նոր իրավիճակում, Ֆրանսիայի նախագահի և վարչապետի հետ քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, որոշել է ձեռնպահ մնալ հաջորդ շաբաթ Բաքու մեկնելուց:
«Նաև ցանկանում եմ հավաստիացնել, որ ֆրանսիական բանակցային խմբերն իմ հեռահար աջակցությամբ անխոնջ կաշխատեն մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակիչներին: Մենք կշարունակենք հետամուտ լինել ամենահավակնոտ նպատակներին՝ իրացնելու Փարիզյան համաձայնագրի (2015 թվականի – խմբագր.) դրույթները, որոնք պաշտպանում ենք ստորագրելուց 10 տարի անց»,- իր խոսքը եզրափակել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Ալիևն իր խոսքում քննադատել է Փարիզին Ֆրանսիայի կողմից կառավարվող Խաղաղօվկիանոսյան կղզիներում բողոքի ցույցերը ճնշելու համար։ 20 տարուց ավելի երկիրը միանձնյա կառավարող բռնապետը Ֆրանսիայի իշխանություններին «Մակրոնի ռեժիմ» է անվանել։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում ունեցող երկրի ղեկավարը փորձել է մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր տալ» արևմտյան ժողովրդավարություններին։