Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` խոսելով Սահմանադրության փոփոխության մասին։
Նա նշել է, որ միջազգային պայմանագիրը սովորական սահմանադրական ընթացակարգ է, հայտնում է «Փաստինֆոն»։
Այն հարցին, թե որ մասով կարող է հակասել՝ Դիլանյանը պատասխանել է, որ միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործընթացը մաթեմատիկական ճշգրտության է։
ՍԴ նախագահը չի բացառել պայմանագրի կնքման համար կամ դրանից առաջ ու հետո Սահմանադրության փոփոխություն կատարելը։
«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,–ասել է նա։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։