19 մայիսի 2009 - 13:36 AMT
«Ռուսգյուղհսկողություն». Հայաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եկած ապրանքը ենթակա է ոչնչացման
Հայաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից ժամանած ավիաուղեւորներին պատկանող կենդանական ծագում ունեցող սննդամթերքն առգրավվել է Տյումենի մարզի օդանավակայաններում եւ ենթակա է ոչնչացման:
Ինչպես «Տյումենի գիծ» գործակալությանն է հաղորդում «Ռուսգյուղհսկողության» վարչության մամլո ծառայությունը, կոչնչացվի 50 կգ կաթնամթերք, 14 կգ մսամթերք ու երկու տասնյակ հավկիթ:
Ըստ «Ռուսգյուղհսկողության» վարչության տեսուչների, նման գործողությունների համար հիմք է տալիս ՌԴ տարածք կենդանական ծագում ունեցող ցանկացած ապրանք ներկրելու արգելքի մասին օրենքն, այդ թվում ձեռքի պայուսակներում եւ բեռում առանց «Ռուսգյուղհսկողության» թույլտվության եւ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի:
Այդ պահանջների կատարումը խիստ կարեւոր է այնպիսի վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի պատճառով, ինչպիսիք են խոզագրիպը, խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը: